Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Դժոխք

Դժոխք
29.11.2013 | 11:00

Ընդամենը մի կարճ բառ, բայց այնքան սահմռկեցուցիչ, որ մարդ արարածն աշխատում է քիչ օգտագործել այս բառը, քանի որ իր հոգու անիմանալի կապերով, մահվան վարագույրից հետո պիտի այս կերպ, թե այն կերպ դժոխքի սարսափն ապրի, քանզի մեղավոր է ի ծնե, չնայած մարդասեր Աստված ամեն բան արել է, որ Իրեն փնտրողն ու հավատացողը չհամտեսի դժոխքի դառնությունը: Հիշեցնենք, որ մեր ժողովուրդը երբեմն բարկացած ժամանակ ասում է դիմացինին «ջհանդամը գնաս», դրանով իսկ նրան մտովի դժոխք է ուղարկում, որովհետև ջհանդամը թուրքերեն հենց դժոխք է նշանակում։ ՈՒրեմն իմանանք, երբ և ինչ ենք ասում դիմացինին։ Ինչևէ, քանի որ «Իրատես de facto»-ի նախորդ համարներում արդեն գրել ենք դրախտի ու քավարանի մասին, ապա հարկ է նաև դժոխքի մասին կարդանք: Եթե կա լույս, ապա կա և խավար, եթե կա դրախտ, ուրեմն նաև գոյություն ունի դժոխք։ ՈՒ հիմա էլ այդ մասին խոսելու ժամանակը եկավ, քանի որ սուրբ հայրերից մեկն ասել է. «Մտքով երբեմն դժոխքում լինելն ու դրա մասին մտածելը կօգնեն մարդուն, որ իսկապես դժոխք չընկնի», իսկ սուրբ Գրիգոր Տաթևացին ավելացնում է. «Մարդիկ չլսելով, որ կա հարություն, դատաստան, նաև դժոխքի սպառնալիք՝ սանձարձակորեն մեղքերի մեջ են մտնում». սա կոչվում է օգտակար վախ:

Ինչպես զգացիք, դժոխքի դժնդակ վիճակը մի փոքր ընդգծելու համար այս գրվածքի նախաբանը գրվեց գորշ ընդգծումներով, որ մեր հոգիները սարսելով մեղքի խավարից, դեպի ճշմարիտ լույսը ձգտեն, քանի դեռ մեզ փրկության համար ժամանակ է ընձեռված։ ՈՒ մինչ կանցնենք բուն թեմային՝ նախ այս վկայությունը կարդանք։
Մի անգամ այս հրապարակման նվաստ հեղինակս Արցախի Ծիծեռնավանք սրբավայրի ուխտագնացությունից հետո Երևան էի վերադառնում։ Քանի որ երթուղային տաքսին ուշանում էր, ստիպված մի «Ժիգուլի» մեքենա կանգնեցրի, որում երեք երիտասարդներ էին։ Նստելուն պես, նրանք «ռաբիս» երաժշտությունը խիստ բարձր «զլեցին» ու ամբողջ ճանապարհին լսում էին և մի հանգի իրենց ջահելական քաջագործություններից էին պատմում։ Սկզբում տանելի էր, բայց երբ դա ժամից ավելի շարունակվեց, ստիպված խնդրեցի, որ մի փոքր ցածրացնեն մագնիտոֆոնի ձայնը։ Բայց, ինչպես երևում է, նրանք այնքան էին սովորել այդ աղմուկ կոչվող երաժշտությանը, որ քիչ անց նորից բարձրացրին. հասկացա, որ հաշիշամոլության նման ձայնային «դոզա» են ապահովում արդեն աղտոտված լսելիքների համար։ Այդ ժամանակ հայացքս ընկավ վարորդի դիմահայելուն, որտեղից մի գեղեցիկ ու ոսկեզօծ խաչ էր կախ տված։ Անդադար ծխած, սուտուփուչ տղայական խոսակցություններից ու անտանելի երաժշտության տհաճ մթնոլորտից մի փոքր դուրս գալու համար դիմեցի վարորդին. «Այդ ինչ գեղեցիկ խաչ ես կախել հայելուցդ»։ Նա շոյվեց այդ խոսքերից ու մի փոքր ցածրացնելով երաժշտությունը, հարցրեց. «Լավն է, չէ՞, հոպար, ոսկեջրած է։ Ես առանց դրա ճամփա չեմ գնում»։ Այդ ժամանակ ես հարցրի. «Լավ է, որ այդպես ես անում, իսկ ճանապարհ ընկնելուց առաջ գոնե մի աղոթք անո՞ւմ ես, որ անփորձանք լինես»։ Նա պատասխանեց. «Չէ՛, աղոթք չգիտեմ, էս խաչն է իմ փոխարեն աղոթում»։ ՈՒ հասկացա, որ միայն աշխարհիկ զվարճությունների գերիներ են, ու ոչ մի քրիստոնեական, գոնե տարրական գիտելիք չունեն, ու կարծում են, թե խաչը կախելով որպես թալիսման, արդեն ապահովված են չարից։ Մի փոքր դադարից հետո հարցրի՝ գոնե մեղքի նվազագույն գիտակցություն ունե՞ն, թե՞ շատ երիտասարդների նման չարի լիակատար իշխանության տակ են, ու մեղքը որպես հաճելի զվարճություն, ամեն օր խոզի նման թավալվում են դրա մահաբեր գարշակույտի մեջ։ Պարզվեց, որ այդպես է, քանի որ նրանց խիստ զարմանք պատճառեց, երբ ասացի, որ Աստծո տեսանկյունից կանանց հետ խառնակվելը մեղք է և շնություն է համարվում, իսկ ծխելն ու խմելը, ստությունն ու հայհոյությունը մեղքեր են համարվում։ Իհարկե, նրանք իմ ասածները որպես բարձրագույն բարոյագիտական աստիճան համարեցին, որին կարող են հասնել միայն սրբերն ու արդարները, այդ պատճառով իրենք իրենց այդ պատվիրանների «խաղից» դուրս համարեցին, ասելով, որ իրենց «աջով» կշարունակեն գնալ, այսինքն՝ մեղքի հաճույքներին տրված կյանքի ճանապարհով։ Նրանց հիշեցրի, որ իրենց ասած այդ «աջը» ճիշտ այն «ձախն» է, որ ուղիղ չվերթով դեպի դժոխք է տանում։ Նրանցից մեկն ինձ ապշեցրեց իր հարցով. «Իսկ ի՞նչ է դժոխքը, հոպար։ Որտե՞ղ է լավ՝ դժոխքո՞ւմ, թե՞ դրախտում»։ Մի պահ ուզում էի պատասխանել ընդունված կերպ, որ դժոխքում հոգու տառապանք ու տանջանք է, անգամ մի կաթիլ ջրի փափագ կա, ու որտեղ որդը չի մեռնում ու կրակը չի մարում, բայց հասկացա, որ դա անընկալելի կմնա նրանց համար։ Հիշեցի իրենց խոսակցությունից, որ «գողական» աշխարհի հետ որոշ ծանոթություն ունեն, այդ պատճառով իրենց հասանելի օրինակով պատասխանեցի. «Դժոխքի ու դրախտի տարբերությունը մի փոքր հասկանալու համար, կարող ենք համեմատել թունավոր որդերով լի բանտային «օդինոչնի կարցերը», որտեղի երկաթյա պատերը շիկացած են տաքությունից, իսկ դրախտը կարող ենք համեմատել ծովափնյա «բարխատնի սեզոնի» սանատորիայի հետ։ Հիմա հասկանալի՞ է, թե մեղքերը ուր են տանում մարդկանց։ Այդ պատճառով Տեր Հիսուս Քրիստոսը խաչվեց ու մեր մեղքերի համար «մատաղ» եղավ, որ մենք ազատվենք դժոխքի այդ «կարցերից» և արժանանանք երկնային դրախտի «սանատորիային»։
Այս համեմատությունը, ինչպես հասկացա, տպավորիչ էր նրանց համար, որովհետև այլևս երաժշտություն չմիացրին, տափակ խոսակցությունները դադարեցրին ու մնացած ամբողջ ճանապարհին լուռ մնացին. երևի մտորում էին քիչ առաջ լսածների մասին։ Տեղ հասնելուց, պայմանավորված գումարը վճարելուց հետո, նրանց մի¬մի թերթիկ բաժանեցի խաչի զորության, ինչպես նաև չստելու և չհայհոյելու մասին, որ գոնե դրանց միջոցով մեղքի տարրական գիտակցություն ունենան, ու դժոխք տանող լայն ճանապարհից դուրս գան։
Այս վկայությունը գրվեց, որ տեղեկանանք, թե ժամանակակից սերունդը ինչ մահաբեր թմբիրի մեջ է, ինչպես ասում է Դավիթ մարգարեն. «Մարդը գիտություն չունենալու պատճառով անասունի վերածվեց»։
ՈՒ խոսքը ոչ միայն երիտասարդներին է վերաբերում, այլև մեծերին, որոնք և՛ իրենք չեն մտածում անդրաշխարհային սպասվելիքներին, և՛ իրենց զավակներին չեն զգուշացնում մահից հետո հոգիների համար պատրաստված դրախտի և դժոխքի իրականության մասին, քանի որ հենց իրենք են տառապում անհավատությամբ։
Աղոթենք, որ Տերը առաջին քրիստոնյա մեր ազգին այցելություն անի, մշակներ ու ծառաներ պատրաստի Աստծո երկյուղով հայորդիներին իմաստնացնելու համար։
ՈՒ այդ գործը սկսենք մի քանի վկայություններով, որոնք, կարծում եմ, մարդկանց կսթափեցնեն, երբ իմանան, թե ինչ տառապանքներ են սպասում մեզ, եթե չապաշխարենք։

ՔՍԱՆԵՐՈՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՍԱՆՈՂՆԵՐԸ
XX դարի առաջին տեսանողներից են համարվում (ըստ կաթոլիկ եկեղեցու) Պորտուգալիայի Ֆաթիմայի տեսանող երեք փոքրիկ հովիվ երեխաները, որոնք 1916 թ. Տիրոջ հրեշտակին տեսնելուն արժանացան, իսկ շուտով նաև սուրբ Աստվածածնին։ Այդ այն ժամանակ էր, որ աշխարհը բռնկված էր Առաջին համաշխարհային պատերազմով. և բազմաթիվ երկրներ խելագարի նման կոտորում էին միմյանց, սկսելով նրանից, որ ընդամենը մեկ տարի առաջ ամբողջ հայ ազգին եղեռնի մատնեցին միլիոնուկես զոհերով։
Տեսանող երեխաներից երկուսը շուտ վերցվեցին երկինք, իսկ Լյուչիան՝ նրանցից երրորդը, ապրեց մինչև 2005 թ. մարտի 5-ը, արժանացել էր երեք գաղտնիքներ իմանալու, որոնցից մեկը վերաբերում էր դժոխքին։
Ահա այդ վկայությունը. «Մեր Աստվածամայրը ցույց տվեց մեզ կրակի մի հսկայական ծով, կարծես այն գտնվում էր երկրի խորքերում։ Մենք տեսանք սատանային ու այդ կրակի մեջ ընկղմված մարդկանց հոգիները, որոնք, թվում էր, թե նման էին թափանցիկ վառվող ածուխների, բայց մարդկային կերպարանքով։ Նրանք շարժվում էին կրակների մեջ, առաջ մղվելով ծխի քուլաներից, որոնք հենց իրենցից էին բարձրանում։ Նրանք ընկնում էին տարբեր ուղղություններով, ինչպես կայծերը մեծ հրդեհի ժամանակ, չունենալով ոչ ծանրություն, ոչ հավասարակշռություն, բղավելով ցավի հուսահատ ճիչերով, որը յուրաքանչյուրին կարող էր սարսափի դող պատճառել։
Դևերը նման էին գարշելի ու վանող արարածների, հիշեցնելով սև ու թափանցիկ անհայտ ու զազրելի կենդանիների։
Այս տեսիլքը տևեց մի քանի վայրկյան։ Եթե չլիներ Երկնային մեր Մոր խոստումը, որ մեզ երկինք է տանելու, կարծում եմ, որ մենք տեղում կմեռնեինք սարսափից ու վախից։ Մենք հայացքներս ուղղեցինք Աստվածամոր վրա, որը բարությամբ լի հայացքով ու տխրալից ասաց. «Դուք տեսաք դժոխքը, ուր ընկնում են խեղճ մեղավորները։ Որ նրանց փրկի, Տերն ուզում է աշխարհում իմ Անարատ Սրտի աղոթքները կատարվեն։ Եթե այդ կատարվի, ինչ ասացի, շատ հոգիներ կփրկվեն, ու խաղաղություն կհաստատվի, և պատերազմը կդադարի։ Իսկ եթե չդադարեն անպատվությունները Տիրոջ հանդեպ, այդ ժամանակ Պիոս XI պապի գահակալության ժամանակ կսկսվի ավելի սարսափելի պատերազմ» (կատաղի անաստվածության այդ տարիներին՝ 1938 թ., սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը Ավստրիայի օկուպացիայով- հեղ.)։
Ոմանք կարծում են, որ պետք չէ երեխաներին պատմել դժոխքի մասին, որ չվախեցնեն նրանց։ Բայց Տերը հակառակը, չտատանվեց այն ցույց տալու մեզ՝ երեք երեխաներիս, որոնցից մեկն ընդամենը վեց տարեկան էր։ Ժասինտան հաճախ նստում էր գետնին կամ քարին ու ասում. «Դժո՛խք, դժո՛խք։ Ինչքան եմ խղճում հոգիներին, որոնք ընկնում են դժոխք, ու մարդկանց, որոնք կենդանի-կենդանի այրվում են, ինչպես փայտը կրակի մեջ»։ ՈՒ դողալով ծնկի էր գալիս, թաթիկները միմյանց էր միացնում ու աղոթում էր ինչպես Աստվածամայրն էր սովորեցրել. «Օ՜, Հիսո՛ւս, ներիր մեր մեղքերը, փրկի՜ր մեզ դժոխքի կրակից, ու երկինք տար բոլոր հոգիները, հատկապես նրանց, որոնք ամենաշատը Քո ողորմության կարիքն ունեն»։
Մենք միմյանց հարցնում էինք, թե տեսնես այդ մարդիկ ինչ են արել, որ դժոխք են ընկել։
Ես չգիտեմ, միգուցե նրանք կիրակի օրերին չեն գնում եկեղեցի պատարագների, գողանում են, վատ բառերից են օգտվում, Աստծուն են հայհոյում կամ անիծում են։ Ինչքա՜ն մեղք են այդ մեղավորները։ Ինչքա՜ն շատ մարդ է ընկնում դժոխք. այնտեղ շա՜տ, շա՜տ մարդիկ կային»։ Այն հարցին, թե կա՞ արդյոք դժոխք, ժամանակակից «գիտունները» և նրանց հավատացողները պատասխանում են. իհարկե չկա՛, որովհետև... ու փորձում են ապացուցել անապացուցելին։ Այդ պատճառով իր այցելությունների ժամանակ Տիրամայրը երբեմն-երբեմն տեսանողներին «ցուցադրումներ» է անում, որպեսզի այդ միջոցով ցրի մեզ պարուրող տգիտության խավարը»։
Այժմ էլ կարդանք Մեջուգորիեի տեսանողներից մեկի՝ Վիցկայի «այնաշխարհային» վկայությունները։
«Քավարանից հետո Տիրամայրը մեզ ցույց տվեց դժոխքը։ Դա ահավոր վայր է։ Մեջտեղում մեծ կրակ է, բայց այնպիսի կրակ չէ, որ մենք գիտենք երկրի վրա։ Մենք այնտեղ տեսանք բացարձակապես սովորական մարդկանց, որոնց նմաններին հանդիպում ենք փողոցում, ու նրանք իրենք էին իրենց կրակը գցում. ոչ ոք նրանց չէր հրում։ Նրանք սուզվում էին կրակի մեջ՝ տարբեր խորություններով։ Իսկ երբ նրանք դուրս էին գալիս, նմանվում էին վայրի գազանների, ու բղավում էին Աստծո հանդեպ իրենց անհնազանդության, ատելության, սրբապղծության մասին։
Դժվար էր պատկերացնել, որ մարդկային արարածներ էին, քանզի, այլանդակվելով, հրեշների էին նմանվում։
Տեսնելով այդ ամենը, մենք սոսկացինք ու չէինք հասկանում, թե ինչպես է նրանց հետ նման ահավոր բան պատահել։ Բայց Տիրամոր ներկայությունը մեզ ուժ էր տալիս։ Մենք տեսանք նաև մի գեղեցիկ շիկահեր աղջկա, որը կրակի մեջ նետվելուց ու դուրս գալուց հետո վերածվեց մի հրեշանման էակի, պոզերով ու պոչով։
Տիրամայրը հետո մեզ բացատրեց. «Այս մարդիկ դժոխք են գնում իրենց իսկ կամքով. դա նրանց ընտրությունն է, նրանց վճիռը։ Մի՛ վախեցեք, Աստված բոլորին ազատ ընտրության իրավունք է տվել։ Երկրի վրա ամեն ոք կարող է որոշել՝ կամ Աստծո հետ, կամ Աստծուն հակառակ։ Երկրի վրա որոշ մարդիկ գիտակցաբար միշտ հակառակվում են Աստծուն՝ Նրա կամքին։ Այդ ժամանակ նրանք դժոխքը իրենց սրտերում են ծնում, ու երբ գալիս է մահվան ժամանակը, ու նրանք չեն ապաշխարում, ապա շարունակվում է նույն դժոխքը»։
Մենք այդ ժամանակ հարցրինք Տիրամորը, թե այդ մարդիկ երբևէ կարո՞ղ են դուրս գալ դժոխքից։
«Դժոխքը երբեք չի վերջանա. նրանք, ովքեր այնտեղ են, ոչինչ չեն ուզում ընդունել Աստծուց, ոչ էլ մեր աղոթքները։ Իրենք սեփական ազատությամբ ընտրեցին Աստծուց հեռու վիճակը. երբե՛ք Աստված չի ուզում որևէ մեկին պարտադրել Իրեն սիրել։
Ես այս ամենը ցույց տվեցի ձեզ, որ դուք իմանաք, որ այս ամենը գոյություն ունի, ու պատմեք ուրիշներին»։
Մեջուգորիեի տեսանողներից մեկը՝ Միրիանան, մի անգամ հարցրել է Տիրամորը, թե ինչո՞ւ է Տերը այդքան խիստ, որ մարդկանցից ոմանց դժոխքի վճիռ է տալիս։ Պատասխանը այսպիսին էր. «Նրանք, ովքեր դժոխք են գնում, Աստծուց ոչ մի օգնություն չեն ուզում ու չեն դադարում Տիրոջը հակառակվելուց ու հայհոյելուց։ Նրանք որոշել են դժոխքում ապրել ու չեն ուզում լքել այն»։
Միրիանան հասկացավ, որ իրենք են իրենց պատժում։


(շարունակելի)
Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4227

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

袙要袚覝袙覞袙要袚覝袙覞袙要袚覝袙覞袙要袚覝袙覞袙要袚覝袙覞袙要/1398410141">ՈՒկրաինայի նորագույն պատմության  ամենավառ գորշությունը
ՈՒկրաինայի նորագույն պատմության ամենավառ գորշությունը

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Թավշյա» հարաբերություններ
«Թավշյա» հարաբերություններ